Ամեն առավոտ վարչապետը ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս և ժողովրդին «սեր» խոստովանում։ Անկախությունը, ազատությունը, դեմոկրատիան վարկաբեկվեց, հիմա էլ սերն է վարկաբեկվում։ Արդյոք նա, իսկապես , սիրու՞մ է ժողովրդին։
Եթե սիրողը այսքան աղետ, ցավ ու մղկիտ է բերել, ապա ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ չսիրողից...
Ո՞վ է հավատում կապիտուլյանտի, կեղծարարի, սուտասանի անամոթ զգացումներին։
Առջևում ընտրություններն են, հիմա նա պատրաստ է անգամ ընտրողների ոտքերը լիզել, որպեսզի հետո մանդատ ունենա կտրելու նույնիսկ` ոտներավորների գլուխը։ Բռնապետը իր գլխից զատ մեկ այլ գլուխ չի հանդուրժում։ Նրա համար իրական պետությունը բռնության գործիք է, իսկ ո՞վ, եթե ոչ ինքը պետությունն է` հպարտ կեցվածքով, անձեռակերտ, չագուչը ձեռքին, եռագույնը վրան բանտիկ արած։ Բռնապետը չի բավարարվում ամենակարողությամբ։ Աստծո ամեն օր նա իրեն պարտադրում է ժողովրդին։ Սեր է աղերսում, առայժմ գառան մորթու տակ ծպտված, գայլի ախորժակով։
Աստծուն սիրում են և Աստծուց վախենում, իսկ ինքը Աստծուց ի՞նչով է պակաս, մանավանդ, որ Աստված էլ մարդու պատկերն ունի և նմանությունը։ Թերևս դեռ ճանապարհ ունի անցնելու։ Որպես ուղղադավան դեմոկրատ նա առայժմ հանդուժող է, պատրաստ է և այդ սերը վայելել միջնորդավորված։
- Սիրեցեք պետությունը,-օրնիբուն քարոզում է։
«Թամամ խոսքը իշին են ասում»։
Իսկ ո՞վ չգիտի, որ պետությունը դա ինքն է։
31.10.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ